Նյու Յորքի ֆոնդային բորսայի տվյալների համաձայն՝ վերջերս Dreamliner-ի տեխնիկական խնդիրների պատճառով ամերիկյան Boeing ավիակոնցեռնի բաժնետոմսերի գներն ավելի քան 3 %-ով նվազել են:
Չորեքշաբթի Boeing 787-ը սրահում ծուխ լցվելու պատճառով հարկադրված վայրէջք է կատարել ճապոնական «Տակամացու» օդանավակայանում: Վառելիքի արտահոսքի, շարժիչի անսարքության, մարտկոցների հետ ունեցած խնդիրների պատճառով տեղի ունեցած այս դեպքն արդեն 2 շաբաթվա ընթացքում 7-րդն է:
ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչությունը սկսել է օդանավերի համակողմանի ուսումնասիրությունները, այդ թվում՝ դրանց նախագծման, կառուցման հետ կապված: Ավիաընկերությունը հայտարարել է պատվիրատու երկրների ավիացիոն իշխանությունների և ավիաընկերությունների հետ իրենց համագործակցության պատրաստակամության մասին` հետագայում նման միջադեպերից խուսափելու համար:
Չնայած օդանավերի հետ կապված տեխնիկական խնդիրներին՝ նախկինում նման օդանավեր գնել ցանկացող ավիափոխադրողները չեն շտապում չեղյալ հայտարարել իրենց պայմանագրերը:
Boeing-ը նախկինում համաձայնագրեր է կնքել ռուսական փոխադրողներից «Աէրոֆլոտ»-ի և «Տրանսաէրո»-ի հետ:
Օրերս 787 մոդելի 42 ինքնաթիռների գնման պատվեր է տվել ԱՄՆ-ում իր մեծությամբ 3-րդ ավիափոխադրող American Airlines-ը:
Boeing 787 Dreamliner-ն ուղևորատար ինքնաթիռ է, որը կարող է տեղափոխել 250-330 ուղևորի մինչև 16.299 հազար կմ տարածություն: Օդանավերի առաջին պատվիրատուները եղել են ճապոնական ավիաընկերությունները:









































