Ավստրալիայում որոշել են առանձին գերեզմանատանը հուղարկավորել հայտնի հանցագործ Նեդ Քելլիին, ով մահապատժի էր ենթարկվել 1880 թ.։ Այս մասին հաղորդում է AFP-ն:
Ինչպես նշում է գործակալությունը, Քելլիին կհուղարկավորեն համաձայն իր վերջին խնդրանքի՝ մոր կողքին՝ Գրետա քաղաքում:
Հանցագործ Նեդ Քելլիին կախաղան են բարձրացրել 1880 թ.՝ Մելբուռնում: Նրա աճյունը հուղարկավորել են ընդհանուր գերեզմանում և վերահուղարկավորել են 1929 թ.:
2011 թ. անցկացրած ԴՆԹ-ի թեստն ապացուցել է, որ Փենթրիջ-Փենթոն բանտում հայտնաբերված աճյունը պատկանում է այդ լեգենդար հանցագործին:
Ըստ Քելլիի ազգականի՝ ավստրալիացի հանցագործի հուղարկավորությունը կկայանա հունվարի 18-ին: Արարողությանը կմասնակցեն նրա հարյուրավոր ազգականները:
19-րդ դարում Նեդ Քելլիի հանցախումբն ամենահայտնին է եղել Ավստրալիայում: Նրանք հարստացել են բանկերի բազմաթիվ թալանների միջոցով:








































