Այսօր ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրությանը, լուր է հրապարակել, թե սիրիացի հայերի մի մասը Հայաստանի տարածք են անցել՝ օգտագործելով Թուրքիայի տարածքը: Թուրքիայի ԱԳՆ-ը նման տեղեկություն էր տարածել՝ ի պատասխան ԱՄՆ Սպիտակ տան կայքում ստորագրահավաքի նախաձեռնության, որով Բարաք Օբամային առաջարկվում է Թուրքիային կոչ անել սիրիահայերի առջև առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, թե Սիրիայում տուժածներին օգնություն ցուցաբերելիս Թուրքիան կրոնական, էթնիկական կամ ազգային տարբերություններ չի դնում:
Սակայն ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միանշանակ հերքեց այդ տեղեկատվությունը` ասելով, թե Թուրքիան սիրիահայերի առջև չի բացել ՀՀ-ի հետ սահմանը: Նա նաև նշեց, որ առայժմ Սպիտակ տան կայքում ստորագրահավաքը շարունակվում է, սակայն դեռևս ոչ մի պաշտոնական արձագանք չկա:








































