Վրաստանի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դաթա Ախալայայի և ՆԳՆ սահմանադրական անվտանգության բաժնի այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործով նախնական դատալսումը տեղի կունենա մարտի 1-ին: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Ախալայայի փաստաբան Իրակլի Զաքարեիշվիլիին:
Նրա խոսքով՝ գլխավոր դատախազությունը նախնական նիստը հետաձգելու միջնորդությամբ դիմել է դատարան՝ մեկնաբանելով, որ անհրաժեշտ է ավարտել հետաքննչական միջոցառումները:
Դատարանի նախնական նիստը պետք է տեղի ունենար հունվարի 17-ին: Մինչ այդ դատարանը Դավիթ Ախալայային, Սոսո Տոպուրիձեին, Օլեգ Մելնիկովին և Գերոնտիա Ալանիային դատապարտել էր երկամսյա կալանքի: Նրանց բոլորի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: Օլեգ Մելնիկովն արդեն ձերբակալվել է Ուկրաինայում:
Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:









































