Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց Հայաստանում հեռարձակվող ԶԼՄ-ների` ՀՀ նախագահական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը: Մոնիտորինգը կատարվել է հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:
ԵՄԱ նախագահը նշեց, որ այս ծրագիրը, որով իրենք աշխատում են և մոնիտորինգի ենթարկում լրատվամիջոցներին, ֆինանսավորվում է Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի կողմից:
«Ավանդաբար Հայաստանում ԶԼՄ-ների հետաքրքրությունը նախընտրական գործընթացների հանդեպ սկսվում է քարոզչությունից շատ ավելի վաղ, այդ պատճառով այս ծրագրի շրջանակներում մենք որոշեցինք մշտադիտարկումն անցկացնել հոկտեմբերի 1-ից: Բացի այդ` սովորաբար թեկնածուներն էլ իրենց քարոզչույթոնը սկսում են ավելի վաղ, քան պաշտոնապես թույլատրվում է: Այս տարի որոշ թեկնածուներ իրենց մասնակցության մասին հայտարարեցին շատ ուշ՝ վերջին պատասխանը ստացանք դեկտեմբերի 24-ին, ինչն էլ մեզ փոքր-ինչ խանգարեց: Մենք արձանագրում ենք, որ որևէ թեկնածուի համար որևէ լրատվամիջոց խտրականություն չի ցուցաբերում:
Եթե մարդը կազմակերպում է մամուլի ասուլիս, հայտարարություն է կատարում, ապա այդ ամենը չլուսաբանելը անարդար կլինի, մանավանդ, որ նա մինչ այդ քաղաքական կենսագրություն չի ունեցել»,- հայտնեց Բ. Նավասարդյանը:
Նա նշեց, որ իրենք բոլոր ութ թեկնածուների հետ կապի մեջ են լինելու, որպեսզի իմանան նրանց բողոքները. «Մասնավորապես` Արամ Հարությունյանի կողմից «Առաջին լրատվական»-ի կայքով լսել եմ բողոք և պատրաստվում եմ խոսել նրա հետ, որ հետո իր ասածները համեմատենք իրականության հետ»:
Բորիս Նավասարդյանի գնահատմամբ` հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը բավականին ուշադրությամբ լրատվամիջոցները հետևում էին ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի որոշումներին:
«Ութ թեկնածուները ստացել են ուշադրության 40 տոկոսը, իսկ 60 տոկոս ուշադրություն կենտրոնացվել է այն քաղաքական ուժերի վրա, որոնք ըստ էության նախագահական ընտրապայքարում որևէ դերակատարում չեն ունենալու: Սա, իհարկե, ընտրողների համար չի ստեղծում բարենպաստ պայմաններ: Նշեմ նաև, որ մինչև դեկտեմբերի 15-ը թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանի մասին ոչ մի բան չի ասվել»,- նկատեց ԵՄԱ նախագահը:










































