Royal Bank of Scotland-ը՝ Մեծ Բրիտանիայի խոշորագույն ֆինանսական ինստիտուտներից մեկը, որպես տուգանք, կվճարի 500 միլիոն ֆունտ (ավելի քան 807 միլիոն դոլար) LIBOR միջբանկային գործակիցների խաբեությունների համար։ Այս մասին հաղորդում է Independent թերթը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրներին:
Առկա տեղեկատվության համաձայն, բանկը 100 միլիոն ֆունտ կվճարի Միացյալ Թագավորության ֆինանսական վերահսկողության ծառայությանը, իսկ ավելի քան 400 միլիոն ֆունտ՝ ԱՄՆ-ի ֆինանսական վերահսկողության մարմիններին:
Ինչպես հաղորդում է թերթը, տուգանքի չափը կարող է մեծանալ, քանի որ ամերիկյան կողմը դեռևս չի հանել բանկի դեմ ուղղված մեղադրանքը:
Առանցքային միջբանկային գործակիցների հետ կապված սկանդալը ծագել է 2012 թ. հունիսին: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի անցկացրած հետաքննության արդյունքները ցույց են տվել, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ միջազգային մի շարք խոշոր բանկեր կեղծ տվյալներ են ներկայացրել, որոնց հիման վրա ձևավորվել են LIBOR-ի ցուցանիշները: Բանկերը նման քայլի են գնացել սեփական փոխառությունների արժեքը նվազեցնելու համար: Արդյունքում բրիտանական Barclays բանկը վճարել է 453 միլիոն դոլարի տուգաանք, իսկ շվեյցարական UBS բանկի ղեկավարությունը համաձայնել է վճարել 1.5 միլիարդ դոլար:











































