Եգիպտոսի Գերագույն Սահմանադրական դատարանը չի կարողացել այսօր որոշում ընդունել` կապված երկրի Խորհրդակցական խորհուրդը (խորհրդարանի Վերին պալատ) ցրելու հետ: Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել է ընտրությունների ժամանակ խախտումների և խորհրդի ոչ լեգիտիմ գործունեության դեմ հայցը, դատավորները որոշել են գործը փոխանցել դատարանի լիազորված ներկայացուցիչների կոլեգիային: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտարարվել է, հանդիպման արդյունքներով կոլեգիան պետք է վերջնական որոշում կայացնի այդ հարցով՝ ելնելով երկրի նոր Սահմանադրության դրույթներից: Դրա հետ մեկտեղ որոշում է կայացվել Սահմանադրական ասամբլեայի գործունեության անօրինականության մասին հարցը հետաձգել փետրվարի 3-ին: Ասամբլեային հանձնարարվել է նաև մշակել երկրի նոր հիմնական օրենքը:
Եթե փետրվարի 3-ին դատարանն անօրինական ճանաչի սահմանադրական ասամբլեան, նշանակում է, որ անգործունակ կճանաչվի նաև վերջերս հանրաքվեի միջոցով ընդունված Սահմանադրությունը:
Երկրում իրական օրենսդիր իշխանության բացակայության հետ կապված՝ Մուրսիի նախաձեռնությամբ Սահմանադրական խորհուրդը լիազորված է օրենսդրական իրավասություններով՝ ընդհուպ մինչև նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը նշանակված է ապրիլին:









































