Համեմատած նախորդ տարիներին այս տարի տոնական օրերին Լեռնային Ղարաբաղ ավելի շատ հայաստանցիներ են այցելել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր տուրիզմի վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:
Նրա փոխանցմամբ՝ Ղարաբաղ այցելած հյուրերից հաշվառվում են միայն օտարերկրյա քաղաքացիները, իսկ ՀՀ-ի քաղաքացիների մուտքի վիճակագրական անցուդարձը չի գրանցվում: Այդուհանդերձ, նրա հավաստմամբ, այս տարի Հայաստանից ԼՂ գնացողների թիվը զգալիորեն մեծ է եղել: Ակտիվությունը, ըստ Շահվերդյանի, պայմանավորված է նրանով, որ ԼՂՀ-ում հանգստյան տների սակագները համեմատած, օրինակ Ծաղկաձորի, Ջերմուկի և այլ վայրերի, ավելի մատչելի են: Սրա հետ մեկտեղ, ըստ տուրիզմի վարչության պետի, շատ կարևոր է մարդկանց՝ Ղարաբաղ այցելելու ցանկությունը, գեղատեսիլ բնությամբ հիանալը:









































