«Մենք լուրջ հեռանկար ունենք, քանի որ «Վրացական երազանք» դաշինքի նախընտրական քարոզարշավը լավ անցկացվեց, հետխորհրդային ողջ ժամանակաշրջանում առաջին անգամ վրացական ընդդիմությունը քարոզարշավի ժամանակ անդրադարձավ ազգային փոքրամասնությունների խնդիրներին, անցավ նրանց բնակած տարածաշրջան, քարոզարշավ իրականացրեց, մատնանշեց լուծման անհրաժեշտ խնդիրները»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը և հավելել. «Իվանիշվիլիի շարժումը խոստացավ վերականգնել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը, հայ-վրացական համալսարանի հարցը քննարկել, ինչպես նաև քննարկել հայկական եկեղեցիների վերադարձման հարցը»:
Հոկտեմբերի մեկի ընտրություններով, ըստ ջավախցի գործչի, Վրաստանի ժողովուրդը բոլոր հարցերի պատասխանը տվեց: Այսօր մարդիկ վախվորած չեն, ազատ են, ազատ խոսում են, դադարել են ուժային մարմինների ճնշումները, հակադրումները, վախի մթնոլորտը: Ըստ Շիրակ Թորոսյանի՝ նման բացասական մթնոլորտը խորացել էր ոչ միայն Ջավախքում, այլև ողջ Վրաստանում:
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ըստ Թորոսյանի, քաղանտարկյալների լրիվ ցուցակ կար, որը հետագայում վերանայվեց: Ներկայացվել է ոչ թե անձերի ցուցակ, այլ այն հոդվածները, որոնց վրա տարածվելու է համաներումը: «Առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում Վահագն Չախալյանը ևս ազատ կարձակվի»,- ասել է Շիրակ Թորոսյանը: Նա բանտարկության պես մի բան է համարել նաև իր նկատմամբ պատժամիջոցները. վերջին չորս տարիներին վրացական իշխանություններն արգելում էին Թորոսյանին այցելել Ջավախք՝ հարազատներին տեսության:






































