Այսօր Հայաստանում արձանագրվել է վերջին օրերի հերթական բռնությունը: Հարձակման է ենթարկվել ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` այն շենքի մոտ, որտեղ բնակվում է:
Վերջին օրերին սա հերթական նմանօրինակ միջադեպն է: Ըստ որում` հարձակման են ենթարկվել, այսպես ասած, տարբեր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներ, որոնք, իհարկե, բոլորն էլ հանդես են գալիս իշխանություններին ընդդիմադիր դիրքերից:
Այս հանցագործությունների շղթան, ըստ էության, լիովին նոր իրավիճակ է ստեղծում Հայաստանում, որտեղ կարող է հասունանալ ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրաժարականի հարցը: Ըստ որում` հետաքրքրական է, որ հերթական հանցագործությունը տեղի է ունենում Վովա Գասպարյանի լրագրողներին արած մի շարք հայտարարություններից հետո, որտեղ նա մասնավորապես անդրադարձել էր և մինչ այդ տեղի ունեցած դեպքերին, և նաև ներքաղաքական հարցերի:
Առավել ևս ուշագրավ է նաև այն, որ ամիսներ առաջ ՀԱԿ-ի մամուլի խոսնակը հայտարարել էր, որ չի բացառվում ոչ իշխանական ուժերը աշնանային խորհրդարանական նստաշրջանում բարձրացնեն ոստիկանապետի հրաժարականի հարցը: Աշնանային նստաշրջանում նման հարց չբարձրացվեց, տեղի ունեցան լիովին այլ զարգացումներ, որոնք երևի թե հետին պլան մղեցին որևէ հրաժարականի հարց: Ավելին` ամռանը ստվերում հայտնված Վովա Գասպարյանը աշնանն, ըստ էության, բավական ակտիվացավ:
Վերջին շրջանում նաև ի հայտ եկավ ոստիկանության հարցում ներիշխանական դիմակայության նոր դրվագ: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ շուտով կստեղծվի մեծ ՆԳ նախարարություն՝ Տարածքային կառավարման և ԱԻՆ միավորված նախարարություններն էլ ներառյալ: Սակայն Վովա Գասպարյանը երկու օր առաջ դեմ էր արտահայտվել ոստիկանությունը ՆԳՆ դարձնելուն, որով դրսևորվեց ոստիկանապետի ու վարչապետի միջև հակադրության առկայությունը, թեև այն ակնհայտ էր երևի թե Հովիկ Աբրահամյանի նշանակման հենց առաջին իսկ օրից, երբ ոստիկանապետն ամենաուշը շնորհավորեց Աբրահամյանին:
Ահա այս ներքին խմորումների ֆոնին ծավալված բռնությունների շղթան անկասկած, անկախ ամեն ինչից, անխուսափելիորեն երևի թե փորձ կարվի օգտագործել այս խմորումներում: Հասարակության տեսանկյունից այս ամենը վտանգավոր է, քանի որ եթե հանցագործությունների շղթան դառնում է քաղաքական խմորումների շահարկման ենթակա, ապա այստեղ, ըստ էության, հնարավոր է ամեն ինչ, դեպքերի իրական բացահայտումից բացի:
Մինչդեռ հասարակությունը պահանջում է իշխանություններից մի բան՝ բացահայտում և մեղավորների պատիժ, որովհետև Հայաստանը վերջնականապես կործանելու համար միայն անպատժելիության նոր բռնկումն էր պակասում:










































