Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ երկրում ծավալվել է ֆինանսա-տնտեսական ճգնաժամ:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն» գործակալությունը՝ վկայակոչելով կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին, ճգնաժամի պատճառ են հանդիսացել տնտեսական ակտիվության, արտահանման ծավալների, առևտրի և արտադրության նվազումը:
«Դա հանգեցրել է երկրի տնտեսական սուբյեկտների միջև պարտքի մեծացմանը, և այդ պարտքերը ստանում են սպառնացող բնույթ»,-ընդգծել է նախկին վարչապետ Մերաբիշվիլին:
Նա «շատ վտանգավոր է» որակել այն հանգամանքը, որ Վրաստանի նոր իշխանություններն արդեն դիմել են հարկերի նախօրոք վճարման փորձին:
«Այս փորձը մենք դադարեցրինք 2004թ. իշխանության գալուց հետո, սակայն նոր իշխանությունները չեն կարողանում հարկեր հավաքել և այդ միջոցով փորձում են լուծել խնդիրը, որն արդյունքում ավելի կսրվի»,-ասել է նա:
Կուսակցության գլխավոր քարտուղարը կառավարությանը մեղադրել է բիզնեսը ճնշելու մեջ, քանի որ ընկերությունները ստուգումների են ենթարկվում ֆինանսների նախարարության, դատախազության և նույնիսկ ՆԳՆ-ի կողմից:
Մերաբիշվիլին խոստացել է հունվարի 22-ին ներկայացնել հստակ թվեր, իսկ կառավարությանը կոչ է արել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ երկրի տնտեսական վիճակն ուղղելու համար:










































