Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում և դրան հարող պրեֆեկտուրաներում ուժեղ ձնաբքի պատճառով զոհվել է 1, վիրավորվել՝ ավելի քան 890 մարդ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, տուժածների մեծ մասը վնասվածքներ են ստացել սառած փողոցներում ընկնելու հետևանքով:
Եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է Ճապոնիայի հյուսիս-արևմուտքի 12 մայրուղիների երթևեկությունը:
Տոկիոյի միջազգային «Նարիտա» և հիմնականում ներքին չվերթներ իրականացնող «Հանեդա» օդանավակայաններում շուրջ 5000 մարդ այս գիշերն անցկացրել է սպասասրահներում։ Օդանավակայանների աշխատակազմը մարդկանց ապահովել է ջրով և քնապարկերով:
Միևնույն ժամանակ, իրենց աշխատանքներն են վերսկսել Տոկիոյի ուղևորատար լաստանավերը և հիմնական երկաթուղիները:











































