Ավստրալացի երգչուհի Քայլի Մինոուգը որոշել է թողնել բեմը և նկարահանվել կինոյում: Այս մասին հայտնում է բրիտանական Sunday Mirror տաբլոիդը՝ հղում կատարելով նրա շրջապատում ունեցած աղբյուրին:
Անձամբ երգչուհին ոչ հաստատել, ոչ էլ հերքել է այդ տեղեկությունը:
44-ամյա Մինոուգը, ըստ հրատարակության տեղեկությունների, արդեն աշխատանքից ազատել է իր մենեջեր Թերի Բլոմիին, ում հետ համագործակցում էր արդեն 25 տարի:
Ըստ բրիտանական The Daily Mail պարբերականի` նա որոշել էր բեմը թողնել դեռ 2012թ. սեպտեմբերին՝ իր երաժշտական կարիերայի 25-ամյակին նվիրված շրջագայության ժամանակ:
Մինոուգը լայն հանրությանը հայտնի է դարձել հենց կինոյում խաղացած դերակատարման շնորհիվ: 1986թ. նա նկարահանվել էր «Հարևանները» սերիալում, որը մեծ ճանաչում էր ձեռք բերել Մեծ Բրիտանիայում: Նույն տարվա ընթացքում նա թողարկեց իր The Loco-Motion ալբոմը, որը գլխավորեց ավստրալական չարտերը: