Ավելի քան 50 երկիր միջնորդագիր է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Սիրիայում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները Միջազգային քրեական դատարանում հետաքննելու կոչով: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Երկուշաբթի Շվեյցարիան միջնորդագիր է ուղարկել 50-ից ավելի երկրների անունից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջել պատժի ենթարկել Սիրիայում ռազմական հանցագործություններ իրականացնողներին:
ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ հանդիսացող Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությանն արժանացած միջնորդագրում ասվում է, որ Սիրիայում իրավիճակը վատթարանում է խաղաղ բնակիչների վրա իրականացվող հարձակումների և դաժանությունների պատճառով:
Նամակում ԱԽ-ին կոչ է արվում հրապարակել հաղորդագրություն` ուղղված Սիրիայի իշխանություններին և մնացած բոլոր կուսակցություններին, մարդու միջազգային իրավունքները հարգելու վերաբերյալ:









































