Հունվարի 14-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ երկրի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցները չարաշահել են իրենց լիազորությունները:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայնը», հետաքննությունը պարզել է, որ ռազմական ոստիկանության նախկին ղեկավար Մեգիս Կարդավան, բաժնի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ տեղեկատվություն են հավաքել ոչ ավանդական սեռական ուղղություն ունեցող տղամարդկանց մասին: Բացի այդ, նրանք գաղտնի և անօրինական կերպով տեսաձայնագրել են նրանց անձնական կյանքը, որից հետո շանտաժի են ենթարկել և ստիպել համագործակցել հատուկ ծառայությունների հետ:
Դատախազության կողմից հետաքննվող գործը վերաբերում է մինչ 2012 թ. հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունները ընկած ժամանակաշրջանին:
Դատախազության տվյալներով՝ հավաքագրված «կոնֆիդետ անձիք» կապեր են հաստատել «հայտնի հասարակական մարդկանց հետ», տարել նրանց հատուկ բնակարաններ, որտեղ եղել են տեսախցիկներ և աուդիոհամակարգ: Հետաքննությունը բացահայտել է երեք այդպիսի բնակարաններ, որտեղ իրականացվել է ժամադրությունների տեսաձայնագրությունը: Ավելի ուշ զոհերը, խուսափելով իրենցն անձնական կյանքի մասին տեղեկատվության հրապարակումից, համաձայնել են «իրենց լոյալ վերաբերմունքն արտահայտել իշխող քաղաքական վարչակարգի հանդեպ»:
Տեղի հեռուստաալիքները ցուցադրել են տեսանյութերի մի մասը, մասնակիցների անունները չեն հրապարակվում:
Դատախազությունը նաև հայտարարել է, որ այս գործով կա երեք ձերբակալված, սակայն դատավոր Գեորգի Արևաձեն 20 հազար լարի գրավի դիմաց ազատ է արձակել նրանց հետաքննության ընթացքում: Դատախազությունը կարծում է, որ դատավորն ընդունել է քրեակատարողական օրենսգրքին հակասող որոշում:









































