Վրաստանի իրավական օգնության և պատիժների իրականացման հարցերով նախարարությունը դատարաններ կուղարկի 18 հազար 500 համաներում ստացածների գործերը: Այս մասին հայտարարել է Պատիժների իրականացման հարցերով դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ավթանիլ Միկանաձեն՝ փոխանցում է Trend-ը:
Նրա խոսքով՝ սկսվել է համաներում ստացած կալանավորների գործերը դատարաններ ուղարկելու գործընթացը: Այն կանցկացվի դատարանների հետ համաձայնությամբ: «Մենք երկու շաբաթ ժամանակ ունենք՝ բոլոր գործերը դատարանին փոխանցելու համար»,- հայտարարել է Միկանաձեն:
Հիշեցնենք, որ կիրակի Վրաստանի բանտերն է լքել 190 մարդ, որոնց նախկին խորհրդարանը քաղբանտարկյալներ էր ճանաչել: Եվս 3500 մարդ բանտերից ազատ կարձակվեն երկու ամսվա ընթացքում: Մնացածների համար ազատազրկման ժամկետը կկրճատվի սահմանված ժամկետի կեսով կամ մեկ քառորդով: