Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) վերլուծական-փորձագիտական աշխատանքներն այսօրվանից կղեկավարի նույն Կենտրոնի երկար տարիների ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը` այդ պաշտոնում փոխարինելով Ռիչարդ Կիրակոսյանին:
«Իհարկե, հրաշքի պետք չէ սպասել, բայց կան հետաքրքիր հղացումներ, ծրագրեր, ներքին եւ արտաքին հարթակների արդիական թեմաներ, որոնք սպասում են նորովի ու խորքային մեկնությունների»,- անձնակազմի հետ անդրանիկ հանդիպմանը նշեց Սարգսյանը:
«Առանձին մենագրությունների, հավաքական հետազոտությունների, ավանդական սեմինար-քննարկումների միջոցով մենք միասին ենք կատարելու այդ աշխատանքը: Աներկբա է, որ Կենտրոնը թարմ գաղափարների եւ լիարյուն բովանդակության կարիք ունի: Ուրախ ենք այս առիթով ողջունել մեր անձնակազմի շարքերը համալրող քաղաքագետ Էդգար Վարդանյանին եւ պատմաբան Սարո Սարոյանին»,- հավելեց հետազոտությունների նորանշանակ ղեկավարը:
ՌԱՀՀԿ-ը շնորհակալություն է հայտնում Ռիչարդ Կիրակոսյանին` նրա ծառայության համար:
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն





































