Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրը նվազում են՝ շուկայում առաջարկի ավելցուկի ֆոնին, ընդ որում՝ որոշ ներդրողներ մտավախություն ունեն, որ ԱՄՆ-ը նավթի շուկայում մասնաբաժնի համար կպայքարի Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հետ: Այդ մասին են վկայում առևտրի տվյալները՝ հայտնում է Bloomberg գործակալությունը:
Երևանի ժամանակով ժամը 7.23-ի դրությամբ Brent-ի ֆյուչերսային գործարքների արժեքը նվազել է 1.41%-ով՝ 68.11 դոլար 1 բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հունվարյան մատակարարումների ֆյուչերսային գործարքներն էժանացել են 1.17%-ով՝ 65.07 դոլար 1 բարելի դիմաց:
Շուկաները բացասաբար են ընդունել Սաուդյան Արաբիայի որոշումը՝ հունվարին ԱՄՆ-ի և Ասիայի համար նավթի ռեկորդային զեղչ տրամադրելու մասին: Ասիական երկրների համար նավթի գինը նվազեցվել է՝ հասնելով 2000թ. հունիսից ի վեր նվազագույնին: Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ այդպիսով երկրի իշխանությունները որոշել են ուժեղացնել իրենց պայքարը շուկայում մասնաբաժնի համար:
Նավթը շարունակել է էժանանալ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ավելացման նշանների ֆոնին՝ չնայած նավթի արդյունահանման քվոտաները պահպանելու ՕՊԵԿ-ի անդամ երկրների որոշմանը: Միաժամանակ վերլուծաբանները կանխատեսել են, որ կազմակերպության որոշումը կարող է ոչ շահավետ դարձնել թերթաքարային նավթի արդյունահանումն ԱՄՆ-ում:












































