«Ճիշտն ասած, հիմա ես այդ մասին ասելու բան չունեմ և չեմ էլ ուզում աշխատել պետական կառույցներում: Դա ի խորոց սրտի եմ ասում: Ոչ սա ճարպկություն եմ անում, ասում, Հանրապետականին պաշտպանում եմ, որ ինձ գործ տան, այլ հավատա՝ ի խորոց սրտի չեմ ուզում պետական աշխատանք»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ ի պատասխան հարցին՝ արդյո՞ք ճիշտ են խոսակցություններն այն մասին, որ նախագահական ընտրություններից հետո իրեն ինչ-որ պաշտոն են տալու:
Միաժամանակ ավելացրել է. «Եթե որևիցե մեկը կանչի, ասի, որ էսպիսի խնդիր կա, դու կարող ես լուծել այս հարցը, և եթե դա ժողովրդի, երկրի համար է, ապա միանշանակ կանեմ, բայց ես՝ անձնապես ինձ համար չեմ էլ ձգտում աշխատել պետական կառույցում»: Իսկ հարցին՝ արդյո՞ք նեղացել է ՀՀԿ-ից, որ իր փոխարեն՝ որպես Գյումրիի քաղաքապետ ընտրեցին ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, Վ. Ղուկասյանն պատասխանել է. «Ճիշտն ասած, չգիտեմ, թե իշխանությունները գերադասել են Բալասանյանին, բայց ես իմ հոժար դիմումով եմ դուրս եկել, որ մի քիչ հանգստանամ… Ես ընդհանրապես չեմ նեղանում: Սխալ բան է նեղանալ, փախնել, թռնել: Կարող է որոշակի ժամանակ հասկանան, բայց որ նույն միտքը, նույն գաղափարախոսությունը պետք է պահեն-պահպանեն՝ փաստ է: Զզվում եմ կուսակցությունից կուսակցություն թռնողներից»:
Վ. Ղուկասյանն ասել է նաև, որ չնայած չի մասնակցել ՀՀԿ վերջին համագումարին, բայց հոգով-սրտով այնտեղ է եղել ու առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանին:









































