Հունական մի քանի քաղաքներում մոտ 10 հազար մարդ այսօր ցույց են արել՝ ի հիշատակ 15-ամյա դեռահաս Ալեքսիս Գրիգորոպուլոսի, ում 2008-ին կրակել է ոստիկանը: Երթեր են անցկացվել Աթենքի կենտրոնում, ինչպես նաև Սալոնիկում և Պատրայում: Այս մասին գրում է TASS-ը:
Աթենքում մոտ 4 հազար ցուցարարներ պաստառներով անցել են քաղաքի կենտրոնով՝ ոստիկանության հսկողության ներքո: Ակցիան հիմնականում խաղաղ է ավարտվել՝ բացառությամբ Սալոնիկի, որտեղ բախումներ են տեղի ունեցել ակցիայի 6 հազար մասնակիցների և հատուկ նշանակության ջոկատի միջև, որը արցունքաբեր գազ է կիրառել:
Միջադեպերի հետևանքով վնասվել են խանութների ցուցափեղկերը և բանկերի տեսախցիկները: Ոստիկանությունը մի քանի ցուցարարի է ձերբակալել: Բախումներ են տեղի ունեցել նաև երկրի՝ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Պատրայում:
Հիշեցնենք, որ 2008-ին 38-ամյա ոստիկանը կրակել է դեռահասների խմբի ուղղությամբ, ովքեր շրջափակել էին ոստիկանության պարեկային ավտոմեքենան: Դատարանը ոստիկանին մեղավոր է ճանաչել կանխամտածված սպանության մեջ և 2010-ի հոկտեմբերին դատապարտել ցմահ ազատազրկման: Մյուս ոստիկանը, ով հանցակից է համարվում հանցագործությանը, դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:








































