Ամերիկյան Միսսուրի նահանգի իշխանությունները մոտ 12 մլն դոլար են ծախսել Ֆերգյուսոն քաղաքում կարգի պահպանման համար, որտեղ անցած շաբաթվա սկզբից բողոքի ակցիաներ են ընթանում սևամորթ անզեն դեռահասին սպանած ոստիկանին անմեղ ճանաչելու առնչությամբ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Երբ Ֆերգյուսոնում անկարգություններ են սկսվել, Միսսուրիի ղեկավար Ջեյ Նիքսոնը քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարել և այնտեղ ուղարկել Ազգային գվարդիայի ավելի քան 2 000 մարտիկի և ոստիկանության լրացուցիչ ուժեր: Associated Press-ի տեղեկությամբ՝ Ազգային գվարդիայի մարտիկներին վճարելու, նրանց սննդով ապահովելու և զրահապատ ավտոմեքենաների համար վառելիք գնելու նպատակով 6,9 մլն դոլար է ծախսվել: Եվս 4,8 մլն դոլար ոստիկաններն են ստացել արտաժամյա աշխատանքի համար:
Երբ նոյեմբերի 24-ին հայտարարվեց երդվյալ ատենակալների՝ ոստիկան Դարեն Ուիլսոնին 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին սպանելու համար չմեղադրելու վճիռը, հարյուրավոր մարդիկ դուրս եկան Ֆերգյուսոնի փողոցներ: Բողոքի ակցիան շուտով վերաճեց անկարգությունների:
Ցույցեր են տեղի ունեցել նաև Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում, Ֆիլադելֆիայում, Դալլասում, Ատլանտայում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Օքլենդում և այլ քաղաքներում: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել 50 նահանգից 37-ում: Հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել:











































