Հանցագործները երկուշաբթի գիշերը, 30 մետրանոց թունել փորելով, թալանել են Բեռլինի բանկերից մեկը: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:
Գողությունը կատարվել է Volksbank-ի Շտեգլից շրջանի մասնաճյուղում: «Բոլոր հանգամանքները թույլ են տալիս ենթադրել, որ հանցագործությունը երկար է ծրագրվել: Գողերը 30 մետրանոց թունել են փորել ուղիղ դեպի պահուստային բաժին: Նրանք սկսել են փորել բանկի ներքնահարկում գտնվող ավտոտնակից: Արտակարգ պատահարի մասին հայտնի է դարձել երկուշաբթի առավոտյան, երբ հրշեջները տեղեկություն են ստացել ավտոտնակի հրդեհի մասին: Մենք ենթադրում ենք, որ, լքելով հանցագործության վայրը, նրանք այն հրդեհել են՝ հետքերը կորցնելու նպատակով»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Թե բանկից ինչքան գումար են հանել հանցագործները, նա չի հայտնել: Ներկա պահին կատարվում են գողերի որոնողական աշխատանքներ, ոստիկանությունը հարցաքննում է տեղի բնակիչներին և ուսումնասիրում է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների նկարահանած նյութերը:








































