Եվրոպական խոշորագույն Euromillions վիճակախաղը 73 մլն եվրո է բերել Ֆրանսիայի բնակիչներից մեկին: Այս մասին փոխանցում է BFM հեռուստաալիքը:
Հաղթողի անունը դեռևս հայտնի չէ և, ըստ ամենայնի, ինչպես սովորաբար, չի հրապարակվի: Դեպարտամենտը, որտեղ բնակվում է երջանիկ տոմսի տերը, դեռևս պաշտոնապես չի հայտարարվել: Սակայն հեռուստաալիքի տվյալներով՝ շահումը գրանցվել է հյուսիսարևելյան Ստորին Ռեյն դեպարտամենտում:
Շահումը գրանցվել է երեքշաբթի: Գումարը երկրի տարածքում վիճակախաղի խաղարկության ռեկորդ է սահմանել ողջ 2014 թվականի ընթացքում: Սա արդեն 5-րդ ջեքփոթն է, որը տարվա ընթացքում ստացել են Հինգերորդ հանրապետության ազարտային քաղաքացիները:
Ֆրանսիայում վիճակախաղի պատմության ողջ ընթացքում ամենամեծ շահումը եղել է 169 մլն եվրոն, որն իր տիրոջը գտել է 2012-ի նոյեմբերին:
EuroMillions-ի խաղարկությունն անցկացվում է եվրոպական 9 երկրում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Լյուքսեմբուրգում, Բելգիայւոմ, Շվեյցարիայում, Պորտուգալիայում, Իռլանդիայում և Ավստրիայում:









































