ԱՄՆ-ում «Ոսկե գլոբուսի» 70-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն ֆիլմ (դրամա)» անվանակարգում հաղթել է Բեն Աֆլեկի «Արգո» թրիլլերը: Նույն անվանակարգում կատակերգությունների և մյուզիքլների ժանրում հաղթել է «Մերժվածները» երաժշտական ֆիլմը:
«Տղամարդու լավագույն դեր (դրամա)» անվանակարգում հաղթել է Դենիել Դեյ-Լյուիսը, որը «Լինքոլն» ֆիլմում մարմնավորել է ԱՄՆ 16-րդ նախագահին:
«Կնոջ լավագույն դեր (դրամա)» անվանակարգում մրցանակը ստացել է Ջեսիկա Չեսթեյնը, որը Քեթրին Բիգելոուի «Համար առաջին նպատակ» ֆիլմում խաղացել է գլխավոր հերոսուհու դերը:
«Մերժվածները» ֆիլմի գլխավոր դերակատար` ավստրալացի Հյու Ջեքմանն առաջինն է եղել «Տղամարդու լավագույն դեր (կատակերգություն կամ մյուզիքլ)» անվանակարգում:
Կատակերգությունում կամ մյուզիքլում կնոջ լավագույն դերի համար պարգևատրվել է 22-ամյա Ջենիֆեր Լոուրենսը՝ «Իմ ընկերը խելագար է» ֆիլմում դերակատարման համար` հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:










































