«Ես չգիտեմ՝ վերջին 6 տարիներին Օսկանյանն ինչով է զբաղվել, բայց հավանաբար տեղյակ չէ, որ ներկայիս «և-և»-ի քաղաքականությունը վերաբերում է հենց կոմպլեմենտար քաղաքականությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ ՌԴ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը, թե Հայաստանը պետք է վերադառնա կոմպլեմենտար քաղաքականությանը, որն ինքն էր իրականացնում ժամանակին:
«Մենք պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել ու ճիշտ գնահատականներ հնչեցնել՝ ելնելով հենց այդ ժամանակաշրջանի մարտահրավերներից: Ներկայիս մարտահրավերներն ու խնդիրները ամբողջովին տարբերվում են 5-6 տարի առաջ եղածներից: Նույնկերպ 2015-16 թվականներին կարող են բոլորովին այլ խնդիրներ լինել»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինչ-որ կետից Հայաստանը հրաժարվի ԵՏՄ-ից ու որպես առաջնահերթություն դիտարկի եվրաինտեգրումն ու ԵՄ-ի հետ ասոցացումը, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Կյանքում էլ է այդպես, անգամ շատ լուրջ մարդիկ կարող են իրենց որևէ քայլից հետ կանգնել, բայց դրա համար պիտի լինեն շատ լուրջ, ծանրակշիռ պատճառներ ու հիմքեր: Այդպիսին կարող է լինել բացառապես մեր ազգային ու պետական շահը»:
Այսինքն՝ եթե Ռուսաստանը շարունակի ԵՏՄ-ում միանձնյա որոշումներ կայացնել, Հայաստանը կընդդիմանա՞, հարցին էլ արձագանքեց. «Նման տեսակետներ հնչեցնողները առնվազն տեղյակ չեն այն պայմանագրերից, որոնք վավերացրել են այս 4 երկրները, և որոնք պիտի ուժի մեջ մտնեն 2015-ի հունվարի 1-ից: Այդ երկրների հարաբերություններում խնդիրներ առաջանալու դեպքում կան նաև դատարաններ, որոնք իրավասու են լուծելու այդ խնդիրները: Բոլոր մեխանիզմները կան, և չեմ կարծում, թե մեկը կարող է միանձնյա որոշումներ կայացնել: Կան ընդհանուր խաղի կանոններ, որոնց պիտի հետևեն բոլոր անդամ-երկրները: Եթե որևէ մեկը խախտի այդ կանոնները՝ անկախ նրա տարածքից ու տնտեսությունից, ապա այդ խնդիրները կարող են քննել այն դատարանները, որոնք գործելու են որպես համակարգ, առավել ևս, որ այնտեղ բոլոր հարցերն ընդունվում են կոնսենսուսով:
Այսինքն՝ եթե մեր երկրի, մեր ժողովրդի համար ոչ շահեկան որևէ խնդիր բարձրացվի, ու եթե ՀՀ ներկայացուցիչը դեմ լինի, ապա նման հարցերը չեն ընդունվի: Մինչև հունվարի 1-ը ծագած խնդիրները գուցե ունեցել են իրենց պատճառները, բայց հունվարի 1-ից հետո անդամ 4 երկրները կվավերացնեն այս պայմանագրերը, և կլինեն խաղի լրիվ այլ կանոններ, ուստի չեմ կարծում, թե խորապես մտահոգվելու կարիք կա»:








































