Մոդելավորող Ջոն Գալյանոն 2011թ. սկանդալից հետո առաջին անգամ հրապարակային միջոցառման է մասնակցել: Սկանդալի պատճառով նա հեռացվել էր Dior նորաձևության տնից: Հիմքում հակասեմիթական արտահայտություններն էին: Այս մասին գրում է The Independent-ը:
Գալյանոն 1981 թվականից Լոնդոնի ազգային թատրոնում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, աշխատել է Browns-ում, Givenchy-ում, Christian Dior-ում, Selective Beauty-ում, մասնակցել Լոնդոնում Նորաձևության շաբաթներին: 2014-ի գարնանը հայտարարվել էր, որ Ռուսաստանում կոսմետիկ միջոցների խոշորագույն ցանց «Լ’Էտուալը» նրան նշանակել է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում:
Նա հայտնվել է British Fashion Awards-ի արարողությանը: Դիզայները եկել էր միջոցառմանը, որպեսզի մրցանակ հանձնի ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրին:
Պարբերականը հիշեցնում է, որ Վինտուրը հաճախ աջակցել է Գալյանոյին կարիերայի ընթացքում:
Համարվում է, որ 2011 թվականին տեղի ունեցած սկանդալից հետո հենց նա է օգնել մոդելավորողին՝ գործարք կնքել Օսկար դե լա Ռենտայի հետ՝ նորաձևության աշխարհ Գալյանոյի վերադարձի համար: Բացի դրանից՝ արարողությանը Վինտուրը ներկայացել է Գալյանոյի զգեստով:












































