Վաշինգտոնում կարծում են, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանին ոչ թռիչքային գոտի սահմանելը չի համապատասխանում իրավիճակի կարգավորման շահերին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Մենք բազմիցս ասել ենք, որ մենք թուրքական կողմի հետ բաց ենք տարբեր տարբերակների քննարկման համար և գնահատում ենք նրանց կարծիքը, բայց այդ հարցի առումով մենք չենք համարում, որ այս պահին ոչ թռիչքային գոտի սահմանելը կծառայի Սիրիայում իրավիճակի կարգավորման շահերին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում գնահատում են Թուրքիայի հետ «սերտ աշխատանքային կապերը»: «Բանակցությունները շարունակվում են»,- հավելել է Էռնեստը:
Անկարան պնդում է Սիրիայի հետ սահմանին ոչ թռիչքային գոտու ներմուծումը, ինչի անհրաժեշտության մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: ԱՄՆ-ը բազմիցս դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը:











































