Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կոմայի մեջ չէ, նրա վիճակը օրեցօր բարելավվում է: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի եղբայրը՝ Բարինաս նահանգի նահանգապետ Ադան Չավեսը, որն ուրբաթ օրն է վերադարձել Կուբայից: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
«Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, թե նախագահը գտնվում է կոմայի մեջ, և նրա ընտանիքը քննարկում է կյանքն ապահովող համակարգերի անջատման հնարավորությունը, սուտ է»,- հայտարարել է Ադան Չավեսը և հավելել, որ պետության ղեկավարը շարունակում է բժշկական օգնություն ստանալ, և օրեցօր նրա վիճակը բարելավվում է:
2012 թվականի դեկտեմբերի 11-ին Չավեսը Հավանայում ենթարկվել էր հերթական վիրաբուժական միջամտության՝ կապված նրա մոտ կրկին չարորակ բջիջների հայտնաբերման հետ: Վիրահատությունն ուղեկցվել է բարդություններով: Այժմ 58-ամյա Չավեսի մոտ շնչառական անբավարարություն է նկատվում:










































