Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում քվեաթերթիկների 30 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ առաջատարը սոցիալիստների կուսակցությունն է՝ ձայների 23.4 տոկոսով:
Երկրորդ տեղում երկրի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի կոմունիստական կուսակցությունն է՝ 20.2 տոկոս ձայնով:
Այս երկու կուսակցություններն էլ դեմ են եվրաինտեգրմանը և սատարում են երկրի զարգացման ռուսամետ ուղղությունը:
Եվրոպամետ՝ Լիբերալ-դեմոկրատական և Դեմոկրատական կուսակցությունները համապատասխանաբար հավաքել են 17 տոկոս և 16.4 տոկոս ձայն:
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ընտրությունների արդյունքում երկրի խորհրդարան է անցնում 5 կուսակցություն:
Անցումային շեմը հաղթահարում են Լիբերալ-դեմոկրատական և Դեմոկրատական կուսակցությունները, որոնք տվյալ պահին կազմում են իշխող կոալիցիան, ինչպես նաև կոմունիստները, սոցիալիստներն ու լիբերալները:










































