Էստոնիայի առաջին տիկին՝ 47-ամյա Էվելին Իլվեսը աշնանը անհարմար պատմության մեջ էր հայտնվել, երբ երեկույթներից մեկի ժամանակ նրան լուսանկարել էին 28-ամյա երիտասարդ ֆրանսիացու հետ, գրում է Hello-ն: Հաջորդ օրը տեղական մամուլում հայտնվել էին լուսանկարներ, որտեղ հստակ երևում էր, թե ինչպես է երիտասարդը համբուրում առաջին տիկնոջը: Օրերս նա առաջին անգամ մեկնաբանություններ է տվել այդ լուսանկարների կապակցությամբ:
«Իմ կյանքում հիմա շատ բարդ շրջան է: Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, ում ես ցավ եմ պատճառել»,- ասել է Էվելին Իլվեսը: Լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ երեկո Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը և նրանց 11-ամյա դուստրը նույնպես ներկա էին հավաքույթին: Նախագահը դեռևս որևէ մեկնաբանություն չի տվել և կնոջ հետ էլ հանրության մեջ չի երևացել:
Էստոնիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Լիյնա Կերսնան հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ «սա ամուսնու նկատմամբ ստոր վերաբերմունք է և կարևոր չէ, թե նա ինչ պաշտոն է զբաղեցնում: Երկրի ղեկավարին նման իրավիճակի մեջ դնելով՝ նա ցուցադրել է իր վերաբերմունքը երկրի նկատմամբ»:
Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ նկարների հրապարակումից անմիջապես հետո Էվելինը դստեր հետ հեռացել է Գերմանիա:
Kroonika ամսագրի տեղեկությամբ, օգոստոսի 6-ին Էվելինը մասնակցել է Komeet սրճարանում անցկացվող երեկույթին, որի ժամանակ նրան հատկացվել էր լավագույն սեղանը: Առավոտյան գրեթե բոլորը լքել էին միջոցառումը, իսկ Իլվեսը շարունակում էր զվարճանալ երիտասարդ տղամարդու հետ:
Էստոնիայի առաջին տիկինը երեկույթը լքել է իր երիտասարդ ուղեկցի հետ:







































