Վրաստանի արտգործնախարար Մայա Պանջիկիձեն լիտվական DELFI գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Վրաստանը ծրագրեր ունի, որպեսզի ՎՈւԱՄ-ին միանան այլ երկրներ, ինչպիսին է օրինակ՝ Ճապոնիան:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի ՎՈւԱՄ անդամ երկրների խորհրդարանները ինտենսիվ կերպով աշխատեն միմյանց հետ»,- հավելել է նախարարը:
Վրաստանի արտգործնախարարը մեծ հույսեր է կապել ԵՄ նախատեսվող գագաթնաժողովի հետ, որը տեղի է ունենալու Վիլնյուսում Լիտվայի նախագահությամբ: Նա նաև ընդգծել է, որ փետրվարին տեղի է ունենալու Արևելյան համագործակցության անդամ երկրների արտգործնախարարների և տրանսպորտի նախարարների ոչ պաշտոնական հանդիպում:
Վրաստանի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ:
«Մենք տարածաշրջանում ջանում ենք խաղալ կարգավորիչի դեր, սակայն իրավիճակը, իհարկե, բարդ է: Վրաստանը միշտ պատրաստ է խաղալ դրական դեր, որպեսզի տարածաշրջանում տիրող իրավիճակը լավանա, սակայն դա այդքան էլ հեշտ չէ»,- հավելել է Պանջիկիձեն:











































