Գազայի հատվածում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Ուրբաթ պաղեստինյան ՎԱՖԱ գործակալությունը հայտնել է, որ հազարավոր մարդիկ աղետալի վիճակում են. ջուրը հեղեղել է բարեգործական կազմակերպությունների հատկացրած շարժական տնակները, որտեղ նրանք ապաստանել են այս տարվա հուլիսին Իսրայելի իրականացրած ռազմական գործողությունից հետո:
ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականներին օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալությունը Գազա քաղաքում ստիպված փակել է 63 դպրոց, որտեղ 65 000 երեխա է սովորում: Բացի դրանից՝ 43 դպրոց է փակվել մերձափնյա տարածքի հյուսիսային մասում:
Իրավիճակն առանձնապես բարդ է Շեյխ-Ռադվան շրջանում, որտեղ ափերից դուրս է եկել անձրևաջրերի հավաքման համար կառուցված լճակը:
ՄԱԿի-ի գործակալությունը մտավախություն ունի, որ առաջիկա օրերին դրությունը կվատանա: Գազայում արտակարգ իրավիճակների հարցերով շտաբ է ստեղծվել, որը կոորդիանցնում է համայնքային ծառայությունների, կամավորների և փրկարարների աշխատանքը:










































