Շաբաթ օրը Սիրիայի իշխանությունները հերքել են ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, թե զինյալները գրավել են Սիրիայի ռազմաօդային ուժերի՝ Տաֆտանազում գտնվող ռազմավարական բազան` հայտնում է SANA տեղեկատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ կառավարական զորքերը հետ են մղել ընդդիմադիրների գրոհները:
Այդ կարևոր ռազմավարական օբյեկտը պաշտպանող զինվորները «կորուստներ են հասցրել հակառակորդի կենդանի ուժին և տեխնիկային, այնուհետև ահաբեկիչներին փախուստի մատնել»` ասված է ITAR-TASS-ի հաղորդագրության մեջ:
Ընդդիմադիրները սպառնում են նաև Հալեպի արվարձաններում գտնվող ռազմական օդանավակայաններին:
Հինգշաբթի օրը Al-Jazeera և Al-Arabiya հեռուստաալիքները հայտնել էին, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Ահրար աշ-Շամ» խմբավորումների զինված ծայրահեղականները գրավել են Տաֆտանազում գտնվող ռազմաօդային ուժերի բազան: Փոխանցվում էր, որ ռազմական օդանավակայանը, որտեղ տեղավորվում էր Սիրիայի ռազմաօդային ուժերի մինչև 60 ուղղաթիռ, ամբողջովին անցել է ընդդիմադիրների վերահսկողության տակ:
Հինգշաբթի օրը Սիրիայի կառավարական զորքերը կարողացել են հետ մղել Տաֆտանազի բազայի վրա զինյալների գրոհը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ սիրիական կառավարության զորքերի զինվորները Մլիհ քաղաքի թաղամասում հետ են մղել «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ծայրահեղականների գրոհը, որոնք փորձել են գրավել այնտեղ տեղակայված հակաօդային պաշտպանության հրամանատարական կենտրոնը:









































