Թբիլիսիի դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Oկրուաշվիլիի նկատմամբ խափանման միջոցը փոխել է: Նա դատարանի նիստերի դահլիճից ազատ է արձակվել 11 հազար դոլար գրավի դիմաց:
Օկրուաշվիլիի դատապաշտպանն ասել է, որ բոլոր մեղադրանքները հանված են, և այսօր նա կվերադառնա տուն, չնայած մի քանի ժամ անց պետք է մասնակցի դատական նիստին, որին կհարցաքննվեն պաշտպանական կողմի 2 վկաներ, իսկ հաջորդ շաբաթ կկայանան ևս 2 նման դատական նիստեր:
Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը մեկն էր ընդդիմադիր «Վրացական կուսակցության» այն անդամներից, ում ձերբակալել էին 2012 թ. նոյեմբերի վերջերին՝ վրացական սահմանը հատելիս: Ավելի վաղ նա Ֆրանսիայում էր, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել:
2008 թ. մարտի 28-ին Թբիլիսիի դատարանը նրան 11 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ պաշտոնական դիրքը չարաշահելու և խարդախության մեղադրանքով:
Անցյալ տարվա դեկտեմբերին նրա նկատմամբ նոր դատական գործընթաց էր սկսվել՝ Վրաստանում անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու մեղադրանքով: Այս մեղադրանքներն ի հայտ եկան ընդդիմության կողմից Սաակաշվիլիի նկատմամբ բողոքներից հետո:










































