Բարաք Օբաման աջակցել է գործող բրիտանական կառավարության դիրքորոշմանը՝ ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների կառուցվածքի փոփոխման վերաբերյալ: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Միացյալ թագավորության վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:
«Երկու պետությունների առաջնորդները հեռախոսային խոսակցության ժամանակ քննարկել են Լոնդոնի և Բրյուսելի հարաբերությունները,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ: Վարչապետը նախագահին բացատրել է իր դիրքորոշումը, և Օբաման հավանության է արժանացրել այն»:
«Բարաք Օբաման համաձայն է Դևիդ Քեմերոնի այն կարծիքի հետ, որ Բրիտանիայի ազգային շահերից է բխում մնալ ԵՄ կազմում՝ միևնույն ժամանակ հարկավոր է փոփոխել այդ հարաբերությունների կառուցվածքը»,- նշել է վարչապետի ներկայացուցիչը:
Այսպիսով՝ գործող կառավարության ղեկավարի մամլո ծառայությունը մեկնաբանել է Եվրոպայի և Եվրասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնի հայտարարությունն այն մասին, որ Միացյալ Թագավորությունը «չպետք է փոփոխի իր հարաբերությունների կառուցվածքը ԵՄ հետ և այդ նպատակով համապատասխան հանրաքվե անցկացնի»: Տեղական ԶԼՄ-ները շտապել են այդ բառերում Լոնդոնի մերձավոր դաշնակցի դավաճանությունը տեսնել և գրեթե կանխատեսում էին Վաշինգտոնի հետ հարաբերությունների սառեցում:
Ավելի վաղ Քեմերոնը հայտնել էր, որ Բրիտանիայում մոտակա հինգ տարիներին ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ հանրաքվե կանցկացվի: Միաժամանակ նա հասկացնել է տվել, որ այժմ կառավարությունը հատուկ ծրագիր է մշակում, որի օգնությամբ Լոնդոնը կփորձի ազգային խորհրդարանին վերադարձնել լիազորությունների մի մասը, որոնք ավելի վաղ փոխանցվել էին ԵՄ ընդհանուր օրգանների իրավասության տակ:










































