Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերն ակնարկել է, որ Եվրոխմբի ղեկավարի պաշտոնում իրեն կփոխարինի Նիդեռլանդների ֆինանսների նախարար Ջերոեն Դիյսսելբլեմը: Այս մասին հաղորդում է բրյուսելյան EUobserver առցանց թերթը:
Դեռ 2012թ. դեկտեմբերի 14-15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները քննարկել էին Եվրոխմբի ղեկավարի պաշտոնում հոլանդացի պաշտոնյայի նշանակումը: Որպես Յունկերին փոխարինող՝ եվրոպական մամուլում շրջանառվում են նաև Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պիեռ Մոսկովիչիի և Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանի անունները:
«Ինձ փոխարինողի հետ ես կխոսեմ Բենիլյուքսի (Բելգիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի մաքսային-տնտեսական միությունը-1in.am) լեզվով»,- Յունկերի խոսքերն է մեջբերում պարբերականը:
Ակնկալվում է, որ վերջնական կադրային որոշումը կընդունվի 2013թ. հունվարին: Եվրոխմբի գործող նախագահը նախկինում ասել էր, որ պատրաստվում է լքել պաշտոնը ոչ ուշ, քան 2013թ. սկզբին: Նշենք, որ նրա մանդատը լրանում էր 2012թ. հուլիսին, սակայն այն երկարաձգվեց երկուսուկես տարով:
Յունկերը եվրոխմբի ղեկավրի պաշտոնը զբաղեցնում է 2005թ.-ից՝ դեռ ֆինանսական ճգնաժամից շատ առաջ:








































