Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը 2013-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող թեկնածուի ընտրության գործընթացում է: Երգի մրցույթի պաշտոնական կայքը գրում է, որ առավել համառ շշուկներից մեկի համաձայն՝ փոքր կովկասյան երկիրը կներկայացնի Սիրուշոն, որը երգի եվրոպական մրցույթում Հայաստանը ներկայացրել է նաև 2008 թվականին՝ «Քելե, քելե» երգով: Կայքը նշում է, որ Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով՝ դեռևս ոչինչ որոշված չէ:
Նախորդ մասնակցությամբ Սիրուշոն գրավել էր 4-րդ տեղը: Նա վերջերս է թողարկել իր «Պրեգոմեշ» երգը, որը կարճ ժամանակում դարձել է հայկական ամենադիտված տեսահոլովակը: «Պրեգոմեշի» դիտումների քանակը Youtube-ում ներկայում 570 հազարից ավելի է:
Կայքը նշում է, որ նոր երգը կարող է իսկապես լինել «Քելե, քելե»-ի պատմության շարունակությունը, որի երգի վերնագիրը վերցված է Կոմիտասի ստեղծագործությունից:
Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը չի հերքում Սիրուշոյի և առհասարակ որևէ մեկի թեկնածության փաստը:








































