Երեքշաբթի օրը Նյու Յորքի առևտրային բորսայում WTI տեսակի նավթն էժանացել է 1.69 դոլարով (2.23%): TASS-ի տեղեկացմամբ՝ այս նավթի 2015թ. հունվարյան մատակարարումների ֆյուչերսային գործարքները առևտրի վերջում կնքվել են 1 բարելի դիմաց 74.09 դոլարով:
Լոնդոնի ICE բորսայում Brent-ի ֆյուչերսային գործարքների պայմանագրերի գինը նվազել է 0.13 դոլարով՝ 78.20 դոլար 1 բարելի դիմաց: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Վերլուծաբանները նշում են, որ նավթի էժանացումը պայմանավորված է ոչ միայն պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցմամբ, Եվրոպայի տնտեսական առողջացման տեմպերի դանդաղեցմամբ, այլև նավթ արտադրող երկրների ցանկության բացակայությամբ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) նիստի նախօրեին գոնե ենթադրություններ պետք է հայտնեին, որ կազմակերպության անդամ երկրների նավթի արդյունահանման ծավալը առաջիկա քննարկումների արդյունքներով կարող է նվազեցվել:
Barclays Bank-ի զեկույցում նշվում է, որ «ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրներում նավթի արդյունահանման ծավալի արագ աճը նշանակում է, որ նույնիսկ արդյունահանման զգալի նվազեցումը կարող է բավարար չլինել գները պահպանելու համար, և դա կհանգեցնի միայն շուկայի բաժնի և եկամտի կորստի»:
Լավատեսություն չի ավելացրել նաև այն, որ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Վենեսուելայի և Մեքսիկայի ներկայացուցիչներին երեքշաբթի օրը Վիեննայում հանդիպման ժամանակ այդպես էլ չի հաջողվել համաձայնեցնել նավթի արդյունահանման ծավալի կրճատման անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումները:
Վերլուծաբանները ընդգծում են, որ Ռուսաստանն առայժմ պատրաստակամություն չի հայտնում նվազեցնել արդյունահանումը, եթե ՕՊԵԿ անդամ երկրները նույնն անեն: Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նշված հանդիպման արդյունքներով «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը հայտարարել է, որ նույնիսկ նավթի գնի անկումը 1 բարելի դիմաց հասնի 60 դոլարի, Ռուսաստանին չի ստիպի նվազեցնել արդյունահանման ծավալը:








































