Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկիա Ամանոն լավատես չէ Իրանի հետ կայանալիք բանակցությունների նախօրեին. բանակցությունները պետք է սկսվեն հունվարի 16-ին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Հեռանկարներն ուրախալի չեն»,- հայտարարել է Ամանոն՝ ի պատասխան լրագրողների հարցի՝ ի՞նչ արդյունք կարելի է ակնկալել այդ հանդիպումից:
ԱԷՄԳ-ի ու Իրանի միջև նախորդ բանակցությունը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի կեսին` Իրանում: Այդ ժամանակ գործակալությունը հայտարարել էր գրանցված առաջընթացի մասին: Սակայն ԱԷՄԳ-ի նպատակներից էր նաև մուտք ունենալ Փարչին քաղաք, որտեղ, ըստ փորձագետների, կարող են իրականացվել միջուկային փորձարկումներ:
ԱԷՄԳ-ի պատվիրակությանը այդպես էլ չէր հաջողվել այցելել Փարչին, և գործակալության հաղորդմամբ` Իրանի իշխանությունները հույս էին հայտնել, որ դա հնարավոր կլինի կատարել հաջորդ այցի ժամանակ:







































