Հորդանան գետի Արևմտյան ափի փախստականների «Բալատա» ճամբարի պաղեստինցիները հայտարարել են «ազատ մարտիկների բանակ» ստեղծելու մասին՝ ի պատասխան փախստականներից զենքի առգրավման իշխանական օպերացիայի: Այս մասին հայտնում է իսրայելական «Էդիոտ Ահրոնոտ» պարբերականը:
«Ազատ մարտիկների բանակի» ներկայացուցիչները, որոնց մեծ մասը պաղեստինյան ՖԱԹՀ շարժման նախկին անդամներ են, ընդգծում են, որ իրենք աջակցում են Պաղեստինյան ազգային վարչակազմի առաջնորդ Մահմուդ Աբասին և զենքը կկիրառեն միայն պաղեստինցի ժողովրդի թշնամիների դեմ:
«Մենք կոչ ենք անում Մահմուդ Աբասին կազմել հանձնաժողով, որը կհետաքննի անվտանգության ուժերի օպերացիան, որի թիրախն են դարձել Հորդանան գետի Արևմտյան ափում գտնվող ՖԱԹՀ-ի հարյուրավոր անդամներ»,- հայտարարել են «Ազատ մարտիկների բանակի» ներկայացուցիչները մամլո ասուլիսի ժամանակ:
Պաղեստինյան անվտանգության ուժերը մի քանի ամիս առաջ «Ջենին» և «Բալատա» ճամբարներում ապօրինի զենքի առգրավման լայնածավալ օպերացիայի էին սկսել՝ ի պատասխան Ջենինի նահանգապետի տան ուղղությամբ կրակ բացելու:
Պարբերականը նշում է որ անվտանգության ուժերի «ռեյդերը» հաճախ ուղեկցվում են ճամբարների բնակիչներ հետ փոխհրաձգություններով:









































