Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ պատվիրակ Լախդար Բրահիմին Կահիրեում Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ նախագահ Բաշար Ասադը տեղ չի ունենա Սիրիայի անցումային կառավարությունում: Սիրիայի կառավարությունն արագ արձագանքել է նրա խոսքերին՝ հայտարարելով, որ Բրահիմիի մեկնաբանությունները ցույց են տալիս, որ նա կոպտորեն կողմնակալություն է դրսևորում: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Նա նշել է, որ անցած տարի աշխարհի գերտերությունների կողմից Ժնևում համաձայնեցված պլանը մնում է սիրիական հարցի լուծման հիմքը: Նրա խոսքով՝ սիրիական ճգնաժամը պետք է լուծվի մինչև 2013-ի վերջը, այլապես Սիրիա այլևս չի լինի:
Սիրիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Սիրիան ցնցված է Բրահիմիի հայտարարություններից, մասնավորապես այն մասին, որ Ասադի վերջին նախաձեռնությունը ավելի շուտ աղանդավորական է և միակողմանի, քան նախորդ նախաձեռնությունները:
Այնուհանդերձ` Ռուսաստանը աշխարհի գերտերություններին կոչ է անում սիրիացիներին թույլ տալ անձամբ որոշելու իրենց ապագան: Այսօր Ժնևում տեղի կունենա Վաշինգտոնի ներկայացուցչի և Բրահիմիի հետ ՌԴ բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը:










































