Հաջորդ շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահա Բարաք Օբամային կներկայացվեն երկրի տարածքում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության խստացման մասին առաջարկները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կառավարության կողմից մշակվող՝ երկրում զենքի առքուվաճառքի նկատմամբ վերահսկողության խստացմանն ու հրազենի հանցավոր նպատակներով կիրառումը կանխելուն ուղղված համալիր միջոցառումների համակարգմամբ զբաղվում է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:
Նա գլխավորում է միջգերատեսաչական աշխատանքային խումբը, որը ստեղծվել է ամերիկյան վարչակազմի կողմից դեկտեմբերի 14-ին Նյութաունի տարրական դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի հետևանքով 26 մարդ զոհվեց:
Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում զենքի առքուվաճառքի նկատմամբ վերահսկողությունը կարող է խստացվել նախագահի կարգադրությամբ, այլ ոչ թե նոր օրենսդրությամբ, որը պահանջում է Կոնգրեսի հավանությունը: Սակայն այս առնչությամբ վերջնական որոշում չի կայացվել:










































