Տնտեսագետ Հայկ Բալանյանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնած քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ գործող վարչախումբը ընտրությունների միջոցով չի եկել իշխանության, այլ ուժային զավթման: Նա ասաց, որ ոչ ընտրությունների միջոցով համակարգափոխությունը կարող է լինել ժողովրդավարական: «Եթե մենք գնում ենք ընտրությունների` արտահերթ, հերթական, դա ընդամենն ինքնախաբեություն է: Մենք պետք է ստեղծենք այնպիսի կառույցներ, որոնք պատրաստ լինեն ժողովրդավարությանը, ոչ թե ընտրություններին»,- ասաց նա: Պետրոս Մակեյանն էլ հակադարձեց, որ ընտրությունների այլընտրանքը հեղափոխությունն է կամ էլ 1998 թ. հեղաշրջումը: Նա նկատեց, որ այդ հեղաշրջման պտուղները վայելում ենք արդեն տասներկու տարի: Նա կարծում է, որ նրանք, ովքեր ընտրությունների գաղափարը մերժում են, դեմ են գնում աշխարհում ընդունված խաղի կանոններին: Իսկ ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունների պահանջատերը պետք է լինի հասարակությունը, որը պետք է այնպես անի, որ ընտրակեղծիքների համակարգը փլուզվի: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ հիշեցրեց, թե ինչպես Ղրղզստանում տեղի ունեցան խաղաղ ընտրություններ: