Իրանը Սիրիայի հարևան բոլոր երկրներին կոչ է անում աջակցել այս երկրի հակամարտության կարգավորմանը և թույլ չտալ արտասահմանյան միջամտություններ։ Այս մասին այսօր Կահիրեում հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին։
Սալեհին ԵԱՀ-ի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիական ճգնաժամի լուծման համար անհրաժեշտ է բոլոր հարևան երկրների և տարածաշրջանի պետությունների ջանքերի ներդրում։ Իսկ արտասահմանյան պետությունները, ըստ նախարարի, պետք է չմիջամտեն դրան և թողնեն Սիրիացիներին իրենց համար որոշելու իրենց անելիքը։
Նախարարը կարծիք է հայտնել, որ պետք է բանակցություններ սկսվեն սիրիական իշխանությունների և ընդդիմության միջև, և հույս հայտնել, որ դրանք կկայանան։
Իրանում համոզված են, որ Մուրսիի կողմից նախաձեռնված «կոնտակտային խումբը», որի մեջ մտնում են ԵԱՀ-ն, ԻԻՀ-ն, Սաուդյան Արաբիան և Թուրքիան, կարող է բավականին դրական գործունեություն ծավալել ճգնաժամի լուծման համար։ Սակայն բացի Իրանից՝ «կոնտակտային խմբի» մյուս երկրները հակամարտության լուծումը տեսնում են միայն նախագահ Ասադի հեռանալու դեպքում։
Սալեհին խորհրդակցություն է անցկացրել նաև ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ, սակայն արդյունքների մասին չկան հրապարակումներ։
ԻԻՀ-ի և ԵԱՀ-ի միջև 1979-ից դիվանագիտական կապերը խզվել են՝ Եգիպտոսի և Իսրայելի միջև խաղաղության պայմանագիր կնքելու պատճառով։ Երկու տարի առաջ հարաբերությունները հարաբերականորեն ջերմացել են, վերականգնվել է օդային կապը։ Չնայած Ահմադինեժադի կողմից ուղերձ է հղվել Մուրսիին, որ վերջինս միշտ կարող է այցելել Թեհրան, այնուամենայնիվ դիվանագիտական կապերը դեռևս չեն վերահաստատվել։











































