Նախագահական ընտրությունների երկրորդ տեղի համար պայքարը կընթանա «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի և «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի միջև: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:
Նա նկատեց, որ երեքն էլ հայտնի են բնակչությանը, երեքն էլ քաղաքական կենսագրություն ունեցող գործիչներ են: Ուստի, սոցիոլոգի խոսքով, շատ դժվար է ասել, թե ով կզբաղեցնի երկրորդ տեղը:
«Մեկ բան հստակ է` այս ընտրությունները կտարբերվեն խորհրդարանական ընտրություններից: Այն ժամանակ ես ասում էի, որ ընտրությունները լինելու են մրցակցային, իսկ նախագահական ընտրությունները հետաքրքիր են նրանով, որ այս երեք գործիչներն էլ գաղափարների կրողներ են, նրանք ռեսուրսներով չեն գալիս: Այս թեկնածուները գալիս են գաղափարներով, նոր առաջարկներով, որով հետաքրքիր կդառնա նախընտրական քարոզարշավը, քանի որ ինչ-որ նոր բաներ կասեն: Չնայած արդյունքները, ամեն դեպքում, կանխատեսելի են»,- ասաց Գևորգ Պողոսյանը:









































