Հինգշաբթի օրը Նյու Յորքի առևտրային բորսայում WTI տեսակի նավթի գինն աճել է: TASS-ի հաղորդմամբ՝ այս նավթի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային պայմանագրերն առևտրի վերջում կնքվել են 1 բարելի դիմաց 75.58 դոլարով, ինչը 1.00 դոլարով (1.34%) բարձր է նախորդ օրվանից:
Լոնդոնի ICE բորսայում Brent-ի ֆյուչերսային գործարքների գինն աճել է 1.23 դոլարով՝ 79.33 դոլար 1 բարելի դիմաց՝ հայտնում է gazeta.ru-ն:
Ըստ վերլուծաբանների՝ նավթի թանկացմանը նպաստել են մի քանի գործոններ, այդ թվում՝ ամերիկյան տնտեսության ոչ վատ վիճակագրության հրապարակումը: Հինգշաբթի օրը Ֆիլադելֆիայի Դաշնային պահուստային բանկը հայտնել է, որ Միջատլանտյան տարածաշրջանում արտադրական ակտիվությունը նոյեմբերին հասել է վերջին 21 տարվա առավելագույն նիշի: Բացի դրանից՝ Ռիելթորների ազգային ասոցիացիայի զեկույցի համաձայն՝ հոկտեմբերին ԱՄՆ բնակարանների երկրորդային շուկայում տների վաճառքը նախորդ ամսվա համեմատ ավելացել է 1.5%-ով: ԱՄՆ արդյունաբերության մեջ գործնական ակտիվության նախնական ինդեքսը հոկտեմբերին աճել է 0.9 կետով:
Նավթի գնի աճին նպաստել են առևտրի մասնակիցների սպասումները, թե նոյեմբերի 27-ին Վիեննայում հանդիպման ժամանակ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը կարող է նավթի գնի կայունացման նպատակով արդյունահանման քվոտաների կրճատման որոշում ընդունել: Նավթի թանկացման վրա ազդել է նաև վառելիքային մազութի պահանջարկի ավելացումը՝ պայմանավորված ԱՄՆ-ում կտրուկ ցրտերով :












































