Պակիստանցի դպրոցական Մալալա Յուսուֆզայը, որին թալիբները վիրավորել էին 2012թ. հոկտեմբերին, արժանացել է Սիմոնա դե Բովուարի մրցանակի: Այն հանձնում են կանանց իրավունքների պաշտպաններին: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Փարիզում անցկացված մրցանակի հանձնման արարողությանը մասնակցել է Մալալա Յուսուֆզայի հայրը՝ Զիյաուդին Յուսուֆզայը:
«Իմ երկրում հայրերը հայտնի են դառնում շնորհիվ իրենց որդիների: Դուստրերին վերաբերվում են քամահրանքով: Ես այն քիչ երջանիկ հայրերից եմ, որոնք հայտնի են դարձել շնորհիվ իրենց դուստրերի»,- արարողության ժամանակ հայտարարել է Յուսուֆզայը:
Մալալան 11 տարեկանից BBC-ի համար բլոգ է վարել, որում ներկայացրել է պակիստանյան Սվաթ շրջանի կյանքը: Վերջինս 2007-2009թթ. գտնվել է «Թալիբանի» վերահսկողության տակ:
Բլոգում նա պատմել է սպանությունների ու թալիբների այլ հանցագործությունների մասին, նկարագրել նաև Պակիստանում կանանց իրավունքների ոտնահարման դեպքերը՝ հանդես գալով հօգուտ կանանց կրթության:
2012թ. իր բլոգով հայտնի դարձած Մալալայի վրա թալիբները հարձակվել էին, որի հետևանքով նա վիրավորվել էր:
Աղջկան բուժել էին Պակիստանի զինվորական հոսպիտալում, ապա ուղարկել Մեծ Բրիտանիայի հիվանդանոց, որտեղից այս հունվարի 4-ին Մալալան դուրս է գրվել:
Ինչպես հաղորդվում է, Մալալան ապրելու է Մեծ Բրիտանիա տեղափոխված ընտանիքի հետ:
Սիմոնա դե Բովուարի մրցանակակիրը ստացել է 20 հազար եվրո դրամական պարգև:










































