Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ ներկայացրեց «Տնտեսական ազատության ինդեքս-2013» զեկույցում ՀՀ արձանագրած հաջողությունները: Զեկույցը կազմել է Heritage հիմնադրամը՝ Wall Street օրաթերթի հետ համատեղ:
«Այս բնագավառում մենք նույնպես բարելավել ենք մեր դիրքերը: Դա ստեղծում է լավատեսություն, որ 2013թ.-ին կկարողանանք մեր բարեփոխումները առաջ տանել: Դա էլ գտնվում է ներդրում կատարողների ուշադրության կենտրոնում»,- ասաց Տ. Սարգսյանը:
Վարչապետն իր խոսքում դիվանագիտորեն շրջանցեց ու չնշեց, թե զեկույցում ՀՀ ընդհանուր դիրքը թվային արտահայտությամբ ինչպես է փոփոխվել, նաև խուսափեց որևէ այլ ցուցանիշներ առանձնացնելուց:
Նշենք, որ 2013-ի զեկույցում ՀՀ-ն դիրքը բարելավել է ընդամենը 1 տեղով կամ 0.6 բալով և 184 երկրների մեջ 38-րդ հորիզոնականում է, սակայն 2012-ի զեկույցում դիրքերը միանգամից 3 հորիզոնականով էր զիջել:
Կենտրոնական բանկի կայքում առկա 2012 թ. զեկույցում գրված է. «Համաձայն Heritageհիմնադրամի գնահատականների` Հայաստանը 2012թ.-ին գնահատվել է որպես ազատականացված բիզնես-միջավայր ունեցող երկիր: Թեև «Տնտեսական ազատության ինդեքս-2012» հետազոտությունում Հայաստանի դիրքը վատացել է, և աշխարհի 184 երկրների շարքում Հայաստանը ներկայումս գրավում է 39-րդ տեղը` նախորդ տարվա 36-րդ տեղի փոխարեն, այնուամենայնիվ` առանձին խոշոր գործոններով գրանցվել է զգալի առաջընթաց: Հայաստանի 2012թ.-ի տնտեսական ազատության ընդհանրական գնահատականը նախորդ տարվա համեմատ վատացել է 0.9 միավորով, քանի որ փոփոխություններ են կատարվել դրա հիմքը հանդիսացող առանձին գործոններում:
Այսպես. 2011թ.-ի համեմատ բարելավվել են գործարարության ազատության (5.4 միավորով), աշխատանքի ազատության (0.7 միավորով) և հարկաբյուջետային ազատության (0.1 միավորով) գնահատականները, անփոփոխ են մնացել ներդրումների ազատության, ֆինանսական ազատության և սեփականության իրավունքի պաշտպանության գնահատականները, վատացել են կառավարության ծախսերի (10.8 միավորով) դրամավարկային ազատության (2.9 միավորով), կոռուպցիայից ազատության (1.0 միավորով) և առևտրի ազատության (0.1 միավորով) գնահատականները»:










































