Կառավարությունը նախատեսում է միջազգային ֆորումներում Հայաստանի վարկանիշի բարելավմանը միտված հերթական քայլն իրականացնել: Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է որոշման նախագիծ, որով կսահմանվի ինտերնետից օգտվողների թվի հաշվարկի մեթոդիկան: Դրա ընդունումը պայմանավորվում է մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից առաջադրված կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշ-ների հավաքագրման և վարչական վիճակագրական ռեգիստրի վարման կարգով:
Նշենք, որ մինչ այս ՀՀ-ում ՏՏ ոլորտի վերաբերյալ վիճակագրությունը միջազգային կառույցներին տրամադրվում էր բավականին մեծ ժամանակային լագով, որի պատճառով ՀՀ դիրքերը զգալիորեն հետ էին հարևաններից:
ՀՀ-ում ինտերնետից օգտվողների թիվը նախկինում հավաքագրվել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) կողմից առաջարկված մեթոդիկայով, որով, սակայն, ցուցանիշները ճշգրիտ չեն եղել:
Նշենք, որ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը 385 հազար էր, կանխատեսվում էր, որ անցած տարվա ընթացքում նրանց թիվը պետք է աճեր 100-150 հազարով (վերջնական տվյալները դեռ չեն ամփոփվել):







































