Վրաստանի դատախազությունը հանել է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիի դեմ 4 քրեական գործերից 3-ի մեղադրանքը, որոնք հարուցվել էին նախկին իշխանության կողմից: Փորձագետները վստահ են, որ մոտ օրերս կփակվի նաև վերջին գործը, որից հետո նա ազատ կարձակվի: Այս մասին հաղորդում է Kommersant-ը։
«Ապացույցների բազայի ուշադիր ուսումնասիրությունից հետո դատախազությունը եզրակացրել է, որ Օկրուաշվիլիի մեղքի ոչ մի ապացույց չկա, և որ այդ գործերը սարքվել են նախկին իշխանության կողմից քաղաքական նպատակներով»,- հայտարարել է արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին, որը վերահսկում է դատախազությանը:
Ներկայումս Թբիլիսիի քաղաքային դատարանում շարունակվում է Օկրուաշվիլիի 4-րդ գործով դատավարությունը՝ ապօրինի զինված միություն ստեղծելու և 2011-ի մայիսին պետական հեղաշրջման փորձ անելու համար:
Թբիլիսիում վստահ են, որ դատախազության կողմից նախորդ 3 գործերի մեղադրանքը հանելուց հետո նրան 4-րդ գործով ևս կարդարացնեն:
«Երբ համաներմամբ բանտերից ազատ արձակեցին բոլոր ռուսական լրտեսներին, անտրամաբանական կլիներ, եթե նոր իշխանությունն Օկրուաշվիլիին թողներ բանտում. նրանց նպատակն է՝ նախագահին և մեր թիմին հրեշի կերպարով ներկայացնել»,- ասել է նախագահամետ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարներից մեկը՝ Ակակի Բոբոխիձեն: Ըստ նրա՝ «ներկայիս իշխանությունը շատ բանով պարտական է Օկրուաշվիլիին»:
Այլ փորձագետներ հիշեցնում են, որ Օկրուաշվիլիին ձերբակալել է նոր կառավարությունը, բայց հիմա համարում է, որ ավելի ձեռնտու է նրան ազատ արձակելը:
«Օկրուաշվիլին ազատության մեջ. վատ նորություն է Միխեիլ Սաակաշվիլիի և նրա թիմի համար: Նա իրավամբ համարվում է նախագահի ամենաանհաշտ հակառակորդը»,- կարծում է Global News-ի փորձագետ Դավիթ Ավալիշվիլին:
Ամեն դեպքում, նախագահական կուսակցությունը մտադիր չէ զիջել իր դիրքերը,- ասել է կուսակցության ներկայացուցիչ պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին: Բիձինա Իվանիշվիլին դժվար թե կարողանա հավաքել անհրաժեշտ թվով ձայներ՝ երկու երրորդը (100 ձայն) սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու համար: Ներկայումս 150-տեղանոց խորհրդարանում իշխող կոալիցիան ունի 91 անդամ:








































